ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. «Ապագա բժիշկը» 60 տարեկան է
Հոբելյանի առիթով մենք՝ մեր մասին
2 հարյուրամյակ, 2 հազարամյակ, 2 հասարակարգ
Անցումային շրջան
1958-ը բժշկական ինստիտուտի կյանքում նշանավորվեց երկու կարևոր իրադարձությամբ՝ սկսեց լույս տեսնել «Ապագա բժիշկ» թերթը, և մեր կրթօջախում ուսանելու եկած առաջին արտասահմանցիները դարձան առաջին կուրսի ուսանողներ: Բժշկական ինստիտուտի պատմության մեջ շրջադարձային այս պահերը դժվար է գերագնահատել, քանի որ առաջինը նշանակում էր մեր բուհի գրավոր պատմության սկիզբ, երկրորդը՝ թեկուզ միայն սփյուռքահայերի կողմից, մեր կրթօջախի միջազգային ճանաչում:
«Ով պատմություն ունի՝ հետ չնայել չի կարող»: Միտքը Պարույր Սևակինն է: Այն բնաբան դարձնելով՝ կավելացնեի, երբեմն-երբեմն պետք է թերթել այդ պատմությունը, վերլուծություններ, ամենակարևորը՝ հետևություններ անելու համար:
Ինչո՞վ է նշանավոր մեր թերթի պատմությունը: Թերևս նրանով, որ 60 տարում «Ապագա բժիշկը» հասցրել է ապրել երկու հարյուրամյակում, երկու հազարամյակում, ամենակարևորը՝ երկու ծայրահեղ տարբեր հասարակարգերում: Առաջինի՝ սոցիալիստականի օրոք, մամուլը գաղափարախոսական պայքարում համարվում էր միակուսակցական պետության հզոր զենքը:
Երկու տարբեր հասարակարգեր, երկու տարբեր մոտեցումներ...
Առաջին դեպքում՝ արտոնություններ, իրավունքներ, Միութենական գործուղումներ՝ ԽՍՀՄ-ի տարածքում, նաև՝ ակնդետ հսկողություն, և անունդ՝ զենք:
Երկրորդ դեպքում՝ ինքնուրույնություն՝ գրիր ինչ ուզում ես, ինչպես ուզում ես: Երկրորդը նախընտրելի է, քանի որ արդեն երևում է թերթը ստեղծողների ճաշակը, ասելիքը, նպատակադրումը:
Կոմունիստական կուսակցությունը, որը և՛ պետությունն էր, և՛ կառավարությունը, մամուլի ամենավերջին օղակներին, անգամ՝ բազմատպաքանակ թերթերին, արտոնություններ էր տալիս և պահանջում... Այդ տարիներին «Ապագա բժիշկը» ուներ 8 աշխատակից, սեփական ֆոտոլաբորատորիա և լուսանկարիչ, 4 աշխատասենյակ, տրվում էին գործուղումներ՝ Միութենական համանման թերթերին ծանոթանալու նպատակով կազմակերպվող սեմինարներին մասնակցելու համար...
Սակայն՝ Աստված մի արասցե, հանկարծ թերթի՝ շաբաթը մեկ անգամ լույս տեսնելու գրաֆիկը խախտվեր կամ Միութենական, դրանից բխող՝ հանրապետական կենտրոնական կոմիտեների, նրանց պլենումների ընդունած որևէ որոշում վրիպեր խմբագրի ուշադրությունից և այդ «որոշումների լույսի ներքո մեր խնդիրների և անելիքների մասին» հոդված չտպագրվեր...
Մշտական վերահսկողության մարմինների՝ կուսակցության կենտրոնական, քաղաքային, շրջանային, համալսարանական կոմիտեների աչալուրջ հսկողությունը յուրաքանչյուր թողարկման առնչությամբ իրականացնում էին ամենայն հետևողականությամբ՝ վերոհիշյալ օղակներում չափազանց հաճախակի քննարկումների կազմակերպմամբ: Եթե դրան ավելացնենք նաև տպարան տանելուց առաջ թերթի նյութերը «ГЛАВЛИТ»-ին ներկայացնելը, նրանց թույլտվության դեպքում միայն տպագրությունը սկսելու հանգամանքը, պարզ կդառնա, թե որքա~ն ծանր պայմաններ էին առկա լրատվամիջոցների համար:
Ծանր ժամանակներ էին այն առումով, որ խմբագրի ճաշակը, ցանկությունները ոչ թե երկրորդական, այլ երրորդական, չորրորդական նշանակություն ունեին: Այնուամենայնիվ՝ առավել մեծ ցանկության դեպքում մեզ հաջողվում էր խիստ կուսակցականացված մամուլի սահմանափակ էջերում տեղ գտնել նաև անհրաժեշտ, ընթերցողին սրտամոտ նյութերի համար, իհարկե, նաև այս առնչությամբ քննադատության արժանանալով կուսակցական վերին օղակներում...
Մինչև 1988 թվականն ամեն ինչ պարզ էր: «Գիտեինք», որ գնում ենք դեպի կոմունիզմի հաղթանակ, մեզանից պահանջվում էր մեր հրապարակումներով օգնել այն սերնդի դաստիարակությանը, որը պետք է ապրեր այդ հասարակարգում՝ դաստիարակված լենինյան գաղափարներով:
Հետո սկսվեց հոգեվարքը՝ ԽՍՀՄ-ի փլուզման գործընթացը:
Խորհրդային հսկա և հզոր պետության կազմալուծման իրականացմանը կոչված դրսի ուժերը և նրանց խորհրդային զինակիցները լավ գիտեին, որ 70 տարի անընդմեջ, պրոպագանդայի բոլոր միջոցներով մեզ ներարկել էին, թե ինչ վատ բան է կապիտալիզմը, և այդ բառն անգամ կարող էր հուշտ անել, եթե ասեին, որ պատրաստվում են հասարակարգ փոխել՝ այդքան «հարազատ» դարձած սոցիալիզմից անցնել «նեխած և փտած» կապիտալիզմին:
Հավանաբար սա էր գլխավոր պատճառը, որ սկզբում ամեն ինչ արվում էր, որպեսզի մտքերը հնարավորինս մանվածապատ հնչեին, խրթին ու անհասկանալի՝ հեռու կոնկրետ ձևակերպումներից: Այս իրավիճակում ամենածանրը, թերևս, նրանց վիճակն էր, ովքեր ի պաշտոնե կոչված էին իրականացնել կոմունիստական կուսակցության որոշումները: Դրանք կուսակցական ապարատներ էին և նրանց գլխավոր զենքը՝ մամուլը: Անկեղծ ասած՝ ներքևներում չգիտեին, որ նախ՝ արագացման, ապա՝ վերակառուցման անվան տակ ամենա-ամենավերևներում ծրագրվում և զգուշորեն իրականացվում էր ԽՍՀՄ-ի փլուզումը, ասել է թե՝ նույն այդ ապարատների ոչնչացումը:
ԽՄԿԿ, ՀԿԿ Կենտկոմների բյուրոներն ու պլենումները քափ ու քրտինք մտած անհասկանալի որոշումներ էին ընդունում՝ սկզբնական օղակներից պահանջելով քննարկել և դրանցից բխող որոշումներ կայացնել, իսկ որ ամենազավեշտականն էր՝ դրանք իրականացնել...
Դեռ մեկից գլուխ չհանած՝ մամուլում հայտնվում էր նոր որոշումը...
Հավաքվում էին հերթական կուսակցական, կոմերիտական ժողովները: Նորից՝ «քննարկումներ, առաջարկություններ, նախաձեռնություններ»՝ այս կամ այն որոշման լույսի ներքո սեփական անելիքների ծրագրում...
Իսկ որտե՞ղ պետք է երևար այս ամենը, եթե ոչ՝ մամուլում:
Եվ խստացվում էր վերաբերմունքը լրատվամիջոցների հանդեպ՝ նրանցից պահանջելով լուսաբանել արագացման, ապա նաև՝ վերակառուցման ուղղությամբ քննարկումների, որոշումների կայացման և դրանց իրագործման ընթացքը:
Այդ օրերին շրջանառված մի սրախոսություն հասկանալի դարձրեց, թե ի վերջո ի՞նչ է արագացումը:
«Այ մարդ, ի՞նչ արագացում, հենա մանրից քանդվում էինք, էլի...»:
... Եվ պատմություն դարձան պլանավորված տնտեսության զարգացման պատմական հնգամյա պլաններն ու դրանց իրականացմանը նպատակաուղղված սովետական ժողովրդի «ինքնազոհ աշխատանքի» մասին առասպելները՝ հնգամյակը երեք, երկուսուկես, անգամ երկու տարում կատարելու մասին, վերացավ ընդհանուրի ունեցվածքը, ամեն ինչ տեր ունեցավ:
Անցյալ դարձավ նաև մեծ թաղումների հնգամյակը՝ Բրեժև, Չերնենկո, Անդրոպով...
Ուղղակի զավեշտական էր այն հանգամանքը, որ ի թիվս Միութենական և հանրապետական կուսակցական թերթերի՝ մեր ինստիտուտի թերթը ևս անպայման պետք է տպագրեր հանգուցյալի մեծադիր լուսանկարը, վերջինիս մասին ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, կենսագրությունը...
Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների «անխախտ միությունը» վերակառուցվեց, վերածվելով մեկ ու կես տասնյակի հասնող անկախ երկրների՝ իրենց անկախ մամուլով...
Ամենևին նպատակ չունենալով վերլուծություններ անել կատարվածի մասին՝ ուղղակի նշեմ, որ այս ամենի մասին ի պաշտոնե գրում էր նաև մեր թերթը, մնացած սուղ տարածքում մի կերպ տեղավորելով այն ամենը, ինչը մեր կարծիքով անհրաժեշտ էր և հետաքրքրում էր մեր ընթերցողին... Այն ամենը, ինչն այսօր կազմում է մեր կրթօջախի տարեգրությունը:
ՍԵԴԱ ԹՈՐՈՍՅԱՆ
1958-ի մայիսի 22-ին լույս է տեսել բժշկական համալսարանի
«Ապագա բժիշկ» թերթի անդրանիկ համարը:
Այս տարի լրանում է թերթի 60-ամյակը:
Հարցազրույց «Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր Սեդա Թորոսյանի հետ
Թերթի ստեղծման հոբելյանի առիթով է իմ հարցազրույցը «Ապագա բժիշկ» թերթի գլխավոր խմբագիր, Ժուռնալիստների միջազգային կոնֆեդերացիայի և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Սեդա Խաչատուրի Թորոսյանի հետ:
- Շնորհավորում եմ հոբելյանի առիթով: Ինչպես երևում է թողարկումներից՝ տպագիր թերթը մեծ ոգևորությամբ է ընդունվել: Թերթելով հավաքածուները՝ համոզվում ես, որ անցած 60 տարիները «Ապագա բժշկի» համար եղել են ստեղծագործ աշխատանքի, երբեմն՝ պայքարի ու գոյատևման, նաև՝ վերածնության, ինքնահաստատման ու լայն ճանաչման տարիներ: Կխոսե՞ք մի փոքր թերթի ստեղծման պատմությունից, և ովքե՞ր են եղել թերթի հիմնադիրները: Հատկապես, որ անձամբ ձեզ համար կրկնակի հոբելյան է. ընդամենը մի քանի ամսից կլրանա ձեր կողմից «Ապագա բժիշկը» խմբագրելու 30-ամյակը: Ասացեք, խնդրեմ, որն է եղել այն խթանը, որը հնարավոր է դարձրել այդքան տևական ժամանակ աշխատել և պահպանել այն խանդավառությունը, որով առաջնորդվելով առ այսօր՝ իրականացնում եք «Ապագա բժիշկը» խմբագրելը: Սրանք բնավ փքուն խոսքեր չեն, վկայությունը՝ «Ապագա բժշկում» աշխատելու ընթացքում մեր համատեղ աշխատանքի իմ դիտարկումները:
- Շնորհավորանքի համար շնորհակալություն, թերթի հոբելյանը նաև քո տոնն է՝ որպես «Ապագա բժշկի» աշխատակից: Ցանկանում եմ շնորհավորել նաև մեր նախկին բոլոր աշխատակիցներին, ովքեր այսօր, մեծամասամբ, աշխարհի տարբեր միջօրեականներում են և առ այսօր «Ապագա բժիշկը» համարում են իրենց թերթը: Անկեղծ ասած՝ երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ երբ եմ հոգնելու կամ սկսելու իմիջիայլոց նայել թերթի հերթական համարի ստեղծմանը. չէ՞ որ արդեն հազար անգամ կրկնվում է նույն ասելիքը՝ նույն լսարանի համար: Երբ այդ երեսուն տարիների ընթացքում թերթը հասարակության կյանքում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան աշխատում է ընթերցողներին հասցնել ամենակարևորը, ամենահիմնականը, ամենաէականը, հասկանալի է՝ բացառվում է կրկնությունը: Իսկ ինչքա~ն բան փոխվեց վերջին երեք տասնամյակների ընթացքում:
Քո հարցադրման երկրորդ մասի հետ կապված՝ կնշեի հետևյալը. վեց տասնամյակ առաջ էր՝ 1958-ի մայիսի 22-ին է լույս տեսել աշխարհում միակ հայկական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատության հայերեն երկէջանոց, հետագայում՝ չորս էջանոց թերթը, խնդիր ունենալով «...նպաստել ժամանակակից բժշկական նվաճումներով զինված, որակյալ երիտասարդ կադրերի պատրաստման մեծ ու պատասխանատու գործին»,-կարդում ենք անդրանիկ համարի առաջնորոդող հոդվածում:
Թերթի ամենից ծանր ժամանակաշրջանը 1960-ական թվականների կեսերին է եղել, երբ իրար են հաջորդել խմբագիրները, թերթը սկսել է տպագրվել ընդհատումներով, անկանոն, ի վերջո՝ որոշ ժամանակ դադարել է լույս տեսնել:
1967-ին թերթի խմբագիր է նշանակվել Միքայել Դարբինյանը, որի պաշտոնավարության տարիներին թերթը՝ գտնվելով կուսակցության, կոմերիտմիության կենտկոմ-քաղկոմ-շրջկոմների, ինստիտուտի ռեկտորատի, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների հսկողության ու հովանավորության ներքո, հիմնականում լուծել է ուսանողների կոմունիստական դաստիարակության հարցեր: Ժամանակներն այնպիսին էին, որ գաղափարական հզոր զենք համարվող թերթին տրվում էին իրավունքներ, արտոնություններ՝ մոտ մեկ տասնյակի հասնող աշխատակազմ, աշխատասենյակներ, ժամանակին համապատասխան՝ տեխնիկական հնարավորություններ, նաև պահանջվում՝ տանել կուսակցության գլխավոր գիծը՝ լուսաբանել կուսակցական և կոմերիտական տարբեր բյուրոների, պլենումների, համագումարների որոշումները և ներկայացնել «այդ որոշումների լույսի ներքո» տվյալ օղակի խնդիրները...
Ասել, թե այդ շրջանում թերթը սոսկ գաղափարական հարցերի է անդրադարձել, ճիշտ չի լինի, քանի որ Խորհրդային Միության գոյությունը հանրապետությունների ուսանողական եռուն կյանքի հնարավորություն էր ընձեռում՝ համատեղ ուսանողական փառատոներ, գիտական միացյալ նստաշրջաններ, փոխայցելություններ, մրցույթներ... Այս ամենը այդ տարիներին լավագույնս լուսաբանվել են «Ապագա բժշկի» էջերում:
Տարիներ անցան: Շատ բան փոխվեց աշխարհում: Ձեր խմբագիր լինելու տարիները ինչո՞վ էին առանձնահատուկ:
1988-ից, երբ չորս տարի էր, ինչ խմբագրում էի թերթը՝ կյանքը դուրս եկավ մինչ այդ սովորական դարձած հունից. երկրաշարժ՝ որբեր, ավերածությւոններ, արցախյան շարժում՝ գաղթականներ, զոհեր, սումգայիթյան դեպքեր, Երևանում՝ զորքեր, զինվորներ, տանկեր... Եվ այս ամենը՝ միութենական և հանրապետական պաշտոնական մամուլի համր լռության պայմաններում...
«ГЛАВЛИТ» հսկան թույլ չէր տալիս այդ ամենի մասին գրել, փոխարենը մամուլը հեղեղված էր առօրյա դեպքերի, կենտկոմի ղեկավարների հանդիպումների, որոշումների, այդ օրերին մի քանի կապույտ կետերի՝ ափ նետվելով ինքնասպան լինելու փաստի լուսաբանումներով...
Հիմա շատերի համար անհասկանալի կլինի այն փաստը, թե ինչու մամուլը չէր կարող գրել այն ամենի մասին, ինչ հետաքրքիր էր ընթերցողին: Խորհրդային տարիներին գոյություն ուներ տխրահռչակ մի օղակ՝ «ГЛАВЛИТ » անվանումով, որին բոլոր թերթերը նախօրոք ներկայացնում էին տպագրվելիք նյութերը, լուսանկարները, հայտարարությունները: Նրանց կողմից կարդալուց և հաստատելուց հետո էր միայն հնարավոր սկսել թերթի տպագրությունը: Բնականաբար, նրանք չէին թույլատրում տպագրել այն ամենը, ինչ համահունչ չէր կուսակցության կուրսին: Դրանից հետո որևէ տառ փոխելը հավասարազոր էր խմբագրին աշխատանքից ազատելուն և կուսակցական տույժի ներկայացնելուն, իսկ կուսակցական տույժը կնշանակեր մի մեծ խաչ՝ հետագա ողջ գործունեության վրա:
-Բայց մեր թերթի հավաքածուի մեջ ես նկատեցի այդ օրերին տպագրված նյութեր՝ հիմնականում ռուսալեզու, անվանի մարդկանց հոդվածներ, հարցազրույցներ՝ Արցախի, Արցախում առկա իրավիճակի և այլ արգելված թեմաների մասին: Ինչպես գտա՞ք ելքը՝ ձեր խոսքը հասցնելու բազմամարդ լսարանին:
- 1989-ից, զգալով, որ բազմատպաքանակ թերթերը փոքրիշատե դուրս են մնացել գլավլիտային խեղդող հսկողությունից, որոշեցի անցնել պարտիզանական պայքարի՝ մտածելով՝ ինչ լինում է, թող լինի... ազգը ինքնազոհողության է գնում, այդ գործընթացին մեր մասնակցությունը պարտադիր է: /ռուսալեզու էջերից լուսանկար 2 հատ,/
Նոյեմբերին լույս տեսավ «Мы и наш Арцах, или правда о Нагорном Карабахе» 12 էջանոց ռուսերեն հատուկ թողարկումը: 1990-ի ապրիլի 24-ի թողարկումը՝ թվով 999-րդը, նույնպես լույս տեսավ 12 էջով՝ ռուսերեն՝ «Великая трагедия армянского народа» ընդհանուր խորագրով: Ի դեպ՝ այդ տարիներին թերթի ֆորմատը մեծ էր, և 12 էջը հավասար էր այսօրվա «Ապագա բժշկի» 48 էջին: Թողարկումները 1915-ի և 90-ականների մասին էին, հիմնականում՝ Արցախի պատմության, արցախյան հիմնահարցի վերաբերյալ՝ հասցեագրված Խորհրդային Միության ընթերցողին, քանի որ ավագները լավ են հիշում միութենական հեռուստատեսությամբ հայերին սաստողների ելույթներում հնչող այն որակումները, որոնցից պարզ էր դառնում, որ հանրապետությունից դուրս շատերը չգիտեն՝ ով ումից ի՞նչ է ուզում, ի՞նչ է արցախյան հիմնահարցը, «ինչու՞ հանգիստ ապրել չեն ուզում այդ անհաշտ արցախցիները...»:
Սովորական՝ 2000-ի փոխարեն (խորհրդային տարիներին այդքան էր «Ապագա բժիշկ» թերթի տպաքանակը) այդ թողարկումները լույս տեսան 10.000 տպաքանակով և ուղարկվեցին Խորհրդային Միության բոլոր հանրապետություններ:
- Իսկ այդ համարձակ քայլը հետևանքներ չունեցա՞վ ձեզ վրա:
Սկսվեց նամակների հեղեղ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններից, որոնց մի մասի հեղինակները երախտագիտություն էին հայտնում, որ թերթը հնարավորություն տվեց վերջապես իմանալ, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում և Արցախում: Դրանցից մեկը՝ Իվանովոյի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ե. Գինզբուրգի նամակը տպագրեցինք մեր թերթում: Նամակների ճնշող մեծամասնությունը մեղադրում էր թերթի խմբագրությանը «ջուր պղտորելու» մեջ, մի քանիսը, անգամ, ահաբեկչական էին. վերջիններս հիմնականում Ադրբեջանից էին: Թերևս, իմ աշխատանքի լավագույն գնահատականները ես այդ վերջին խմբի նամակներն եմ համարում, որոնցում սպառնում էին՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու, և, հատկապես, «պատմական փաստերը խեղաթյուրելու համար» անձամբ պատժել խմբագրին... Նշանակում է՝ թերթը նպատակակետին էր խփել:
- Իսկ այդ տարիներին երկրում տիրող տնտեսական ծանր վիճակը չազդե՞ց խմբագրության գործունեության վրա:
Երբ եկան տնտեսական ծանր ճգնաժամի տարիները, ամեն շաբաթ լույս տեսնող թերթը սկսեց լույս տեսնել ամիսը մեկ անգամ՝ տպարանային ծախսերի չափազանց բարձր գներով:
Այս հանգամանքից ելնելով՝ փակվեցին հանրապետական գրեթե բոլոր բուհական թերթերը: Ի պատիվ համալսարանի ռեկտոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Վ.Պ. Հակոբյանի է խոսում այն փաստը, որ, գիտակցելով թերթի կարևորությունը՝ բուհի պատմության արձանագրման, ուսանողների դաստիարակության ուղղությամբ, ստեղծեց ամեն հնարավոր պայման, որպեսզի բժշկական համալսարանի տարեգրի կյանքը չընդհատվի, քանզի դա ավելի շատ կնշանակեր բժշկականի պատմության արձանագրման ընդհատում:
Հանրապետությունը լրագրական թուղթ չուներ, երբեմն չէին տպագրվում հանրապետական պաշտոնական թերթերից շատերը, բայց, ի պատիվ «Ապագա բժշկի» խմբագրակազմի պետք է ասել, որ թերթի պարբերականությունը չխաթարվեց: Ցանկանում եմ որպես գաղտնիք նշել մի հանգամանք. խմբագրակազմի ջանքերը կմնային չիրականացված, եթե ներկայիս «Տիգրան Մեծ», այն օրերին ՀԿԿ Կենտկոմի տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանի դուստրը բժշկականի ուսանող չլիներ, և տպարանի ունեցած հոգեպահուստ թուղթը չտրամադրվեր «Ապագա բժշկին»: Ամիսը մեկ անգամ ընթերցողը սպասում էր իր թերթին, որի դերը չափազանց մեծ էր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով խափանվել էր ռադիոյի, հեռուստատեսության աշխատանքը, միութենական մամուլը Հայաստան չէր մտնում՝ շրջափակում էր: Հանրապետական թերթերի անկանոն, եզակի թողարկումները չափազանց թանկ էին՝ տնտեսած ողջ գումարը կորցրած, ռուբլին դրամով փոխելու ընթացքում իսպառ աղքատացած, ստացած առաջին աշխատավարձ-կրթաթոշակները սոսկ սննդի վրա ծախսող ուսանողների, ինչու չէ՝ նաև աշխատակիցների համար:
Այս իրավիճակում մեր թերթը մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր յուրաքանչյուր տողին՝ ցանկանալով ինչքան հնարավոր է շատ լրատվություն հասցնել ընթերցողին՝ լավ ապագայի հույս ներշնչելով, օգնելով, որ անգամ հումանիտար օգնությամբ գոյատևելով՝ չկորցնի բարոյական նկարագիրը: Հիմա անցյալ են մղձավանջային օրերը, այսօր բոլորովին ուրիշ՝ թերթի խնդիրները: Իր 60-ամյակի տարում «Ապագա բժիշկը»՝ ունկնդիր իր ընթերցողական լսարանի արձագանքին, շարունակում է ապրել, ստեղծագործել՝ հանուն վաղվա, հանուն իր յուրաքանչյուր ընթերցողի:
Ի դեպ՝ ի պաշտոնե «Ապագա բժշկի» խմբագիրը նաև համարվում էր համալսարանի մամլո խոսնակը, որի գործունեության հիմնական առանցքը հանրապետական թերթերում և հեռուստաեթերում մեր բուհը ներկայացնելն էր:
- Ո՞րն է բազմատպաքանակ թերթի ընդգրկման սահմանը:
Բազմատպաքանակ թերթի ընդգրկման սահմանը չափազանց հարաբերական է: Ինչպես վերևում նշեցի, 1988-ին՝ մեր ժողովրդի համար ճակատագրական այն օրերին, երբ եռացող կրքերի արդյունքում հնչող ժողովրդի բողոքի ձայնը անտեսվում էր ո՛չ միայն միութենական, այլև մեր՝ հանրապետական մամուլի ու հեռուստատեսության կողմից, երբ լրատվության բացակայության հետևանքով աշխարհն անտեղյակ էր Արցախի ազատականչին, բազմատիրաժ թերթը գերազանցեց իր համար նախատեսված բոլոր սահմանները՝ ճեղքելով լրատվական շրջափակումը: Այսօր համացանցի, բազում ու բազմապիսի էլեկտրոնային կապերի պայմաններում անգամ բազմատիրաժը խնդիրներ ունի լուծելու և լուծում է պատվախնդրորեն: Ավելին՝ մեր թերթի յուրաքանչյուր հատիկ գտնում է իր ընթերցողին, տեղեկացնում նրան այն ամենի մասին, ինչ կատարվում է բժշկական համալսարանում:
- Մի քանի խոսք ձեր նախասիրությունների մասին:
Անկեղծ ասած՝ նախասիրություններ շատ եմ ունեցել և ունեմ: Նախ՝ կարդալ, ապա՝ առավել երիտասարդ տարիքում, ասեղնագործել՝ հատկապես թաշկինակի եզրերի ժանյակները: Ժամանակ կար, որ կանայք օգտագործում էին շատ գեղեցիկ թաշկինակներ՝ ի տարբերություն այսօրվա թղթղե անձեռոցիկների: Այդ ասեղնագործությունը ինքնանպատակ չէր: Ես կարողանում էի ստեղծել ծաղկանախշեր: Այսօր իմ ստեղծած ժանյակե նախշազարդերի ծաղիկներին փոխարինում են ծաղկանոցիս կենդանի ծաղիկները՝ առաջին ձնծաղիկներից՝ մինչև ուշ աշնանը ծաղկող բազմագույն քրիզանթեմները, որոնք լցնում են օրս, որը սկսում եմ առավոտյան նրանց բարի լույս մաղթելով, նրանց հետ զրուցելով: Ծիծաղելի՞ է:
- Հակառակը՝ նախանձելի:
Ամենամեծ նախասիրությունս ճամփորդելն է: Երբ տարիքդ առաջ է գնում և ավելի շատ կենտրոնանում ես վերհուշի, քան ապագայի ծրագրերի վրա, ճամփորդական հիշողություններդ դառնում են հաճելի բեռ, որոնք չես ցանկանում վայր դնել: Եվ հապճեպ արված գրառումներդ, լուսանկարներդ կենդանացնում են այդ օրերի զգացողություններդ... Եվ զգում ես, որ հիշողության գզրոցներդ դատարկ չեն:
- Ո՞րն եք համարում ձեր կյանքի ամենատպավորիչ օրը:
Այդպիսիք շատ են և, այնուամենայնիվ, կցանկանայի նշել մեկը՝ Վատիկանում Եղեռնի 100-ամյա տարելիցին և Գրիգոր Լուսավորչի սրբադասմանը նվիրված պատարագը, 2015 թվականի ապրիլի 12-ին: / հրապարակի նկարը և շարֆով նկարը/:
- Ասացեք, խնդրեմ, «Ապագա բժիշկը» ունի՞ ավանդույթներ:
Խմբագրակազմի գործունեությունը ինքնին ավանդույթների շարան է, որը, թեև կրկնվում է յուրաքանչյուր թողարկում պատրաստելիս, այդուամենայիվ ձանձրալի չի դառնում, քանի որ տարբեր են ոչ միայն թողարկման նյութերը, այլև փոփոխվող ընթերցողական կազմը: Ինքդ էլ գիտես, որ մեր աշխատանքային ռիթմը նման է պուլսացիայի: Հերթական թողարկման նյութերը տպարան ուղարկելուց հետո սկսվում է հարաբերական հանգստի շաբաթը՝ մինչև հաջորդ թողարկման նյութերը հավաքելը, մշակելը, սրբագրելն ու մակետավորելը: Ավանդույթ դարձած մի սովորույթ կա մեզ մոտ, որը մինչև վերջերս բավականին արդյունավետորեն պահպանում էիք դու, Վարդուհին և Անահիտը. առավոտյան սուրճի հրավերը դարձնելով երկու հասարակարգում ապրած ձեր ավագ գործընկերոջը «զրույցի մեջ ներքաշելու գործընթաց»: Ձեզ թվում էր՝ դուք եք ինձ խոսեցնում, իսկ ես ուրախ էի առիթի բերմամբ ձեզ հետ կիսել իմ խոհերը, հիշողությունները, վերլուծությունները: Այդ զրույցների ընթացքում ամենից շատ կարևորում էի այն խորհուրդները, որոնք իրավունք էի վերապահում տարիների բարձրությունից տալ երիտասարդներիդ: Սովորաբար խորհուրդ տալ տարեցները շատ են սիրում, իսկ երիտասարդները չեն սիրում դրանք լսել: Ուրախ եմ, որ մեր դեպքում այդպես չէր: Սուրճի արարողության ամենահամեղ հատվածը, թերևս, այն պահն էր, երբ թխվածքի հեղինակը անպայման նշում էր, որ ինքն է պատրաստել: Սադրանքի հեղինակը ես էի՝ իմ գովասանքով, մարդ, ում բժիշկների ցուցումով արգելված է և՛ սուրճը, և՛ քաղցրավենիքը: Նպատակս այն էր, որ իմ աղջիկները լինեն նաև լավ տնտեսուհիներ, և դա ինձ հաջողվում էր:
Ի դեպ՝ «իմ աղջիկների» մասին. մեր տարեց ու հարգարժան անվանի պրոֆեսորներից մեկը զանգեց և դժգոհեց, որ «Ապագա բժշկի» վերջին համարը իրեն չի հասել: Ասացի՝ ոչինչ, հիմա իմ աղջիկը կբերի ձեզ: Զարմացավ՝ ձեր աղջիկը մեզ մո՞տ է աշխատում: Ասացի, որ սիրում եմ նրանց և այդպես եմ անվանում:
- Ասացեք, խնդրեմ, շա՞տ են մեր թերթի բարեկամները, ովքեր այլևս մեր ուսանողները չեն:
Եթե հետևեք համացանցին, բարեկամների գնահատման բավականին փառահեղ դրսևորումների կհանդիպեք: Սակայն ուզում եմ առանձնացնել մեկին՝ մեր հնդիկ շրջանավարտ Գուրպրիդ Սինկհին, ով ոչ միայն հիշում և բոլոր տոների առիթով լատինատառ հայերենով ջերմ շնորհավորանքներ է հղում մեզ, այլև վերջում ավելացնում է՝ «իմ թերթը»...
- Իսկ հիմա մի քանի խոսք ձեր ծրագրերի մասին:
Իմ տարիքում արդեն ծրագրերի մասին շատ չեն խոսում: Ապագան ձերն է՝ երիտասարդներինդ: Սակայն որպես գաղտնիք նշեմ, որ եթե մի փոքր էլ «հորդորեն, պահանջեն» երեք տասնամյակի ընթացքում բժշկական համալսարանի բոլոր ռեկտորատների, գիտական խորհուրդների, դրանցում ընդունված որոշումների մասին գրառումներ պարունակող տետրերի հսկայական տրցակները, հավանաբար հաղթահարեմ ծուլությունս և փորձեմ գրի առնել այն հաստատության պատմական համառոտ ակնարկը, որի երեք տասնամյակի պատմության ոչ միայն ականատեսը, այլև ակտիվ մասնակիցն եմ եղել: Խախտելով համեստության ընդունված չափանիշերը՝ կցանկանայի նշել այս առնչությամբ անցումային շրջանի՝ 90-ական թվականների իմ ներդրումներից մեկի մասին: Ի նկատի ունեցիր՝ այդ տարիներին մեր իրականության մեջ չկար համացանցը, որի միջոցով տեղեկատվություն և գովազդ տարածեինք մեր կրթօջախի մասին:
Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, և բժշկականը հնարավորություն ստացավ կազմակերպել արտասահմանցիների ուսուցումը մեզ մոտ, գովազդային բուկլետներ պատրաստելը դարձավ հրամայական պահանջ: Երբ համալսարանի ունեցած տեխնիկական հզորությունը մի քանի հին համակարգիչներ էին, հանրապետության վիճակը՝ շրջափակում և տնտեսական ճգնաժամ, գրավիչ բուկլետները միակ հնարավորությունն էին՝ ներկայացնելու ոչ միայն մեր բուհը, այլև հանրապետությունը, մեր տեղն ու դիրքը աշխարհի քարտեզի վրա, մեր ժողովրդի ու նրա դարավոր մշակույթի պատմությունը: Այդ հրատարակությունների արդյունավետության արգասիք կարելի է համարել արտասահմանցիների՝ մեր բուհը ընտրելու հանգամանքը:
- Ի՞նչ մտահոգության մասին կցանկանայիք նշել:
Երբ Ազգային գրադարանում, Գրապալատի, Գիտաբժշկական գրադարանի անձեռնմխելի ֆոնդերում գրականություն փնտրելիս քարտարանում «պատահմամբ» առնչվում եմ «Ապագա բժշկի» քարտերին, հպարտության առանձնակի զգացում եմ ապրում:Առաջին հերթին այն առումով, որ տարիների նաև իմ աշխատանքի արդյունքն այդպիսի հետևողականությամբ պահպանվում է պետության կողմից: Երկրորդ նկատառումն այն է, որ դրանցում մեր հանրապետության առաջատար ուսումնական հաստատություններից մեկի՝ Երևանի պետական բժշկական համալսարանի տարեգրությունն է ամփոփվում՝ շարունակվող տարեգրությունը:
Սոցիալիզմին փոխարինելու եկած կապիտալիզմի առաջին և ամենակարևոր կարգախոսը՝ տնտեսել, ամենաառաջինների թվում կիրառվեց բուհական թերթերի առնչությամբ: Փակվեցին տասնամյակների կենսագրություն ունեցող թերթեր: Չեմ ուզում թաքցնել այն հանգամանքը, որ մեզ մոտ ևս սկսեցին ակտիվանալ «համալսարանն իրենց աչքի լույսից ավելի շատ սիրողները, համալսարանի ամեն լումայի աննպատակ ծախսով մտահոգվածները»՝ օրինակ բերելով մյուս բուհերին, որոնք արդեն փակել էին իրենց թերթերը:
Մեկ-երկու տարի անց մեկը մյուսի հետևից իրենց շքեղ ու գունավոր թողարկումները տվեցին մասնավոր բուհերը, միջնակարգ մասնագիտական ճանաչված կրթօջախները, սկսեցին վերաբացել իրենց թերթերը բոլոր բուհերը... Արդյունքում՝ վերջիններս ունեցան մեկ-երկու տարով ընդհատված ժամանակագրություն, ՀՀ արդարադատության նախարարությունում նորից վերագրանցվելու անհրաժեշտություն:
Այսօր հաճախ նախորդների տրամաբանությամբ առաջարկում են ունենալ թերթի էլեկտրոնային տարբերակը: Նմաններին կարելի է պատասխանել՝ որպես օրինակ նշելով ոչ միայն գրավոր խոսքի նկատմամբ պաշտամունքի հասնող այն սերը, որ տածել են մեր նախնիները, այլև էլեկտրոնային համացանցի առկայությամբ անգամ աշխարհի զարգացած երկրների մեծաթիվ գրադարաններում պահվող այն հարստությունը, որ գիրք ու գրավոր խոսք անունն ունի:
Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ տարիներ ու տասնամյակներ անց մեր պատմության այս շրջանին անդրադարձողներն անպայման կթերթեն ժամանակի մամուլը, և այս կամ այն հաստատության, այս դեպքում՝ մեր կրթօջախի մասին կարծիք կկազմեն ըստ այն նյութերի, որոնք տպագրված, ասել է թե՝ պահպանված կլինեն մեր հավաքածուի էջերում...
Թերթի երկրորդ խնդիրը՝ ստեղծել կրթօջախի պատմությունը, բնավ ավելի նվազ կարևորություն չունի, քան առաջինը՝ թարմ տեղեկատվության ապահովումն իր այսօրվա ընթերցողին:
Այնպես որ՝ ունեցեք ձեր տողը «Ապագա բժշկի» էջերում, դա շատ կարևոր է:
- Հարցեր շատ կան, սակայն, միևնույնն է, մի հարցազրույցի շրջանակներում ամեն ինչ չես ընդգրկի: Ուստի թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել բոլորիս և շնորհակալություն հայտնել հարցազրույցի համար: Վստահ եմ՝ «Ապագա բժիշկը» կշարունակի մնալ սպասված և սիրված թերթ ևս բազում տասնամյակներ:
Կարդացեք նաև
Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը...
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
70-ամյա բուժառուն կլինիկա է դիմել հետևյալ գանգատներով՝սեռական ուղիներում օտար մարմնի զգացողություն, դժվարացած միզարձակում, միզապարկի մշտապես...
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին...
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն